Ջազ երաժիշտ Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Երևանում

Ջազ երաժիշտ Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Երևանում

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ջազ վոկալիստ Ջեյմի Դեվիսը երևանյան համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 5-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում:

Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թվականին: Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Դեվիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թվականին տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատում է ամերիկյան աստղերի հետ: 2000-ին ելույթ է ունենում The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:

Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի և այլոց օրինակին:

Ջեյմի Դեվիսի երգացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները և էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության և դասականի միաձուլում, բլյուզի և սոուլի ելևէջներ, ջերմ, հզոր և զգացմունքային բարիտոն.ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև երկրի սահմաններից դուրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում