Արամ Օրբելյան. Հանրային ռեսուրսի վատնում է եղել

Արամ Օրբելյան. Հանրային ռեսուրսի վատնում է եղել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Panorama.am: «2009 թվականին ընդունված օրենքները չեն կարող տարածվել 2008 թվականի դեպքերի վրա»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ մինչ որոշման հրապարակումը լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանքի առաջադրմանը։

«Հայաստանում կա պրակտիկա, որն առնվազն յոթ հոգու գործով ես տեսել եմ, մոտ 30 մարդու նկատմամբ չի գործել։ Ասել են, օրենքը փոխելուց հետո չի կարող շարունակել, քանի որ այն կհամարվի վաթարացնող։ Օրենքում ոչ թե փոփոխություն է կատարվել, այլ ստեղծվել է նոր հանցկազմ։ Չեմ ուզում անդրադառնալ ապացույցներին»,-ասաց նա։

Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը նկատել է, որ վերջին օրերին հատկապես ինտենսիվ փորձ է արվում ապացուցել, որ զինված ուժերը եղել են Երևան քաղաքում։

«Մի բան, որ երբևէ չի վիճարկվել»,- ասաց Օրբելյանն ու ընդգծեց, որ մարտի 1-ի հրամանգրից առաջ, հետո էլ, նաև այսօր տեղակայված են զինված ուժերի ստորաբաժանումներ, դա գաղտնիք չէ, իսկ որոշ վայրերում՝ սահմանապահ բնակվայրերում զորանոցային վիճակը գրեթե մշտական է։

Նրա խոսքով, այն փաստը, որ մի քանի ամիս որոշ մարդիկ հանրային ռեսուրսն օգտագործելով, տարբեր մարդկանց հարցաքննելով, վերջում գալիս են ու «ապացուցում», որ մարտի 1-ին Երևանում եղել են զինվորներ, դա ուղղակի հանրային ռեսուրսի վատնում է։

«Հանրային ռեսուրսի վատնում է, քանի որ այդ փաստը ոչ մեկ երբեք չի հերքել, այդ փաստի լինելը չի նշանակում, որ տեղի է ունեցել հանցագործություն, առնվազն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցագործություն»,- ասաց նա։

Նա պնդեց, փաստը մնում է փաստը, որ անկախ զինվորների՝ Երևանում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից չի կարելի խոսել սահմանդրական կարգ տապալելու մասին։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը:

Դատարանի որոշումը հրապարակվում է։ Նիստը մեկնարկել է ժամը 15։00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում