Իրանցի զբոսաշրջիկները Հայաստանի փոխարեն գերադասում են Թուրքիան

Իրանցի զբոսաշրջիկները Հայաստանի փոխարեն գերադասում են Թուրքիան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Aysor.am: Նովրուզի շրջանում Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը զգալիորեն նվազել է։ Այդ են վկայում Հայաստանում իրանական «Aseman Airline» մասնավոր ընկերության վաճառքի գլխավոր գործակալ հանդիսացող «Տաթև» տուրիստական գործակալության տվյալները։

Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում ասաց տուրիստական գործակալության մենեջեր Սևակ Դավուդյանը, իրանցի զբոսաշրջիկների կողմից ամրագրումների թիվն իրենց մոտ այս տարի չափազանց փոքր է՝ հաշվի առնելով, որ Նովրուզին հաշված օրեր են մնացել։

«Հիմնական պատճառն իրանական թումանի արժեզրկումն է, ինչի հետևանքով իրանցիների վճարունակությունը զգալի նվազել է։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ թումանն արժեք չունի», – ասաց նա։

Հարցին՝ արդյոք սա միակ պատճառն է, որ ազդում է դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի վրա, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց։

Սևակ Դավուդյանը խորհուրդ տվեց Հայաստանում հարցի խորքային պատճառներ չփնտրել, քանի որ մեր երկրում օտարերկրացի հյուրերին մատուցվող հյուրանոցային և մյուս բոլոր ծառայությունների գներն այս տարի բավական մատչելի են։

«Բոլոր հյուրանոցներն իրենց գներն իջեցրել են։ Ոչ շատ թանկարժեք հյուրանոցներում երկտեղանոց սենյակի գինը՝ ներառյալ նախաճաշ, կազմում է մոտավորապես 30 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրին՝ 15 հազար դրամ։ Կոնկրետ մեր գործակալության միջոցով որոշ իրանցիներ նոր-նոր են սկսել պատվերներ տալ, շուկայով հետաքրրքվել», – ասաց տուրիստական գործակալության մենեջերը։

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում իրանցի զբոսաշրջիկները գերադասում են իրենց արձակուրդն անցկացնել Վրաստանում՝ այդ երկրում ծառայությունների որակի և մատչելիության նկատառումներով, Սևակ Դավուդյանն ասաց.

«Մեր վրացի գործընկերներին հարցումներ ենք արել։ Իրանցի զբոսաշրջիկների հոսքը Վրաստան ևս շատ թույլ է։ Հիմնական ուղղությունը հիմա Թուրքիան է, քանի որ այնտեղ գործող հյուրանոցները շատ լավ պայմաններ են առաջարկում, բավականին մատչելի են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում