Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները»

Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները»

ԵՐԵՎԱՆ , 18 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխության հետևանքով գազավորված ըմպելիքների թանկացման դեմ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում։

Մասնակից արտադրողներն ահազանգում են՝ փոփոխությունը հանգեցնելու է իրենց ընկերությունների փակմանը, ինչի հետևանքով տուժելու են սպառողները, դրանց աշխատակիցները, ձեռնարկատերերը։

«Ես ասել եմ, ասում եմ ու կասեմ՝ «Հայ կոլա»-ն կանգնած է փակման եզրին։ Կարծես հատուկ է արվում, որ մեր կազմակերպության պես կազմակերպությունները չկարողանան ուղղակի կատարել իրենց գործառույթները՝ վաճառքը, հարկերի վճարումը, աշխատակիցների նկատմամաբ պարտականությունները։ Ինձ համար հանելուկ է, թե ինչո՞ւ է նման բան արվում»,-հայտարարեց «Հայ Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

Նրա խոսքով, դա չի հանգեցնելու տնտեսության զարգացման, այլ կբերի շուկայի մոնոպոլիզացմանը։

Մասնակիցները վանկարկում են «ոչ մոնոպոլիզացմանը», նաև բերել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված են «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները», «Ֆիննախ՝ սաբոտաժի կենտրոն», «Ո՞վ է այս ակցիզի պատվիրատուն», «Կառավարությունը սպանում է «Հայ Կոլա»-ին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում