Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի

Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Facebook: Երեկ Սամվել Բաբայանի մի քանի հարցազրույցներն էի նայում Արցախի խնդրի հետ կապված: Բնականաբար էդ ողջ բովանդակությունից շատերի մոտ միայն մնացել է «Արցախին ռուսական մանդատ տալու» աբսուրդ պնդումը, բայց հավատացեք էդ աբսուրդ մտքից անդին բավականին կարևոր նկատառումներ կային Բաբայանի խոսքում: 

Սամվել Բաբայանը լինելով զինվորական շատ հեռու է դիվանագիտական հմտություններից և երեկ շատ մատչելի ու բաց տեքստով ասաց այն ինչ ես մեկ էլ լսել էի Արցախյան հակամարտության գիտակներից: Բաբայանը շատ տրամաբանական հարց է առաջ քաշում` լավ, եթե, այնուամենայնիվ, համաձայնում ենք Մադրիդյան սկզբունքներում առկա կետերի հետ և բոլոր ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակավայրեր, ի՞նչ ենք անելու հանրաքվեի ժամանակ: Ամենակարևոր հարցն է սա թերևս, քանի որ օրինակ Շուշիի շրջանում, Բերձորում (Լաչին) ադրբեջանցի բնակչությունը կազմել է 95 տոկոս և հատկապես Շուշին ամենամեծ բնակչության թիվն ունեցող շրջաններից է:

Մյուս կարևոր դիտարկումը. ինչպիսի՞ իրավիճակ ենք ունենալու, եթե հանձնում ենք Քարվաճառը (Քելբաջարը), կամ Աղդամը: Եվ այս ամենի կենտրոնական` կարևորագույն հարցը` արդյո՞ք Ալիևը համաձայն է այս սկզբունքների տրամաբանության հետ, անգամ այն պարագայում, երբ դրանց իրականացման պարագայում Արցախն այլևս դժվար հայկական մնա: Վստահ եմ, որ Ալիևի ասած «Երևանը ադրբեջանական տարածք է» բառակապակցությունը գոնե իր համար ավելի արմատական նշանակություն ունի քան մենք պատկերացնում ենք:

Այս փաստերի համակցությունից տրամաբանորեն հետևում է, որ անգամ, եթե Հայաստանում ներկայիս «լուլու» իշխանությունը չլիներ/չլինի միևնույն է Արցախի հարցն այս փուլում բանակցային լուծում չէր ունենալու, իսկ ուժայինին պետք է պատրաստ լինել ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե:

Հ.Գ. Նաև այս ամենի գիտակցումն է, որ ստիպում է ինձ հազարապատիկ անգամ ավելի վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր բանակից խուսափած անդամների գերդոզավորմամբ ՓՈՐՁԱՆՔ է` Հայաստանի գլխին կախված:

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում