Հայկական ատոմակայանը շատ լավ հեռանկարներ ունի. Վլադիմիր Բրեդով (Տեսանյութ)

Հայկական ատոմակայանը շատ լավ հեռանկարներ ունի. Վլադիմիր Բրեդով (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Aysor.am: Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգումը ՀԱԷԿ առանցքային նախագծերից է, այսօր Երևանում անցկացված «Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները» պանելային քննարկման ժամանակ ասաց ՀԱԷԿ տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանը:

«Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները, արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, գցվել են կիլոմետրանոց մալուխներ, ապամոնտաժվել ու տեղադրվել են ավելի քան 1000 տոննա սարքավորումներ: 2019-ին մեքենայական սրահում իրականացվող ապամոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակում նախատեսված է երկրորդ տուրբոէներգատորի տեղադրումը, և կսկսվեն կայանի հիմնական համակարգի անվտանգության բարձրացման աշխատանքները: Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին», – ասաց նա:

Քննարկման ժամանակ մի շարք փարձագետներ նշեցին, որ ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանի ռազմավարական զարգացման համար աքսիոմա է, և ժամանակն է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել փոխարինող հզորությունների ուղղությամբ:

Քննարկման մասնակից Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորեց հանդիպումը՝ նշելով, որ այն միտված է ոլորտի հզորացման հեռանկարների վերհանմանը: Պետրոսյանը նաև անդրադարձավ հետագա ռազմավարական ծրագրերին:

ՀԱԷԿ 2-րդ բլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ռուսական կողմն անում է ամեն ինչ ատոմակայանը լավագույն սարքավորուներով զինելու համար:

«Հայական ատոմակայանը շատ լավ հեռանկարներ ունի: Այն կաշխատի նվազագույնը մինչև 2026 թվականը: Մեր առջև խնդիր է դրված ատոմակայանը նորագույն և լավագույն սարքավորումներով հագեցնել ու մենք այն կյանքի ենք կոչում», -ասաց նա:

Քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Պայմանագիրը ստորագրվել է 2015 թվականին և իրականացվում է «Ռոսատոմ» դուստր ընկերության «Ռոսատոմ Սերվիս»-ի կողմից: Շահագործման նվազագույն ժամկետը կկազմի 10 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում