Բերդում ԿԳՆ երկու ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն

Բերդում ԿԳՆ երկու ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մարտի 21-ի նիստում որոշեց ԿԳՆ-ի ենթակայության ներքո գործող «Բերդի պետական քոլեջ» և «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել ու վերակազմակերպել որպես «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Բերդ քաղաքում «Բերդի արհեստագործական պետական ուսումնարանը», ի տարբերություն «Բերդի պետական քոլեջի», գործում է գերբեռնված, ինչը հնարավորություն չի ընձեռնում հաստատությունում ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջից ելնելով նոր մասնագիտություն:

Այս ՊՈԱԿ-ների օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Բերդի պետական բազմագործառութային քոլեջում» կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավեն շենքային պայմանները, հնարավորություն ընձեռելով պահպանել ուսուցանվող մասնագիտությունները, ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական եւ ուսումնաօժանդակ: Դասախոսական կազմի փոփոխությունները պայմանավորված կլինի նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում