Արամ Սիմոնյանը հաղթեց. Էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Դավիթ Սանասարյանի վարքագծում

Արամ Սիմոնյանը հաղթեց. Էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Դավիթ Սանասարյանի վարքագծում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, News.am: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էթիկայի խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վարքագծում:

Հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր ԱՐամ Սիմոնյանի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերեւույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:

Հանձնաժողովում քննարկման առարկա է հանդիսացել Սանասարյանի հրապարակային այն հայտարարությունները, թե «…ԵՊՀ-ն առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում եւս», «…նախնական տվյալներով երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանին», «ծախսերն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է: Էդ թվում քրեական հանցագործության տարրեր կան», «ԵՊՀ-ում շուրջ երկու ամիս տեւած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն: Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային», «ես երաշխավորում եմ, վստահեցնում եմ ձեզ, որ այս գործը դատարան է գնալու»:

Հանձնաժողովն արձանագրել է, որ հանրային ծառայությունը հիմնված է որոշակի արժեքների վրա: Մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով պետք է նպաստեն հանրության շրջանում այն համոզմունքի ամրապնդմանը, որ պաշտոնատար անձանց գործունեությունը միտված է հանրային շահի արդարացի սպասարկմանը:

Հանձնաժողովը գտնում է, որ Դավիթ Սանասարյանի վարքագիծը՝ նրա կողմից արված վերը նշված հրապարակային հայտարարությունները եւ գրառումը չեն նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը:

Ըստ հանձնաժողովի՝ Դավիթ Սանասարյանի վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձեւավորման համար: Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա՝ վերը մեջբերված հրապարակային հայտարությունները եւ գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել եւ մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսեւորում եւ «ուժի ցուցադրում»:

Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ մեկամսյա ժամկետում:

Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը հայտնել էր, որ օրենքով սահմանված կարգով առարկություններ եւ վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ վերոնշյալ որոշման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում