Սաթիկ Սեյրանյանը կարևորեց Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքների վերադարձը

Սաթիկ Սեյրանյանը կարևորեց Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Հայաստանի Ժուռնալիստների միության գույքահարկի պարտքը կազմում է 3 մլն 842 հազ 262 դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Նա նշեց, որ միության տարածքների մեծ մասը նվաստացուցիչ պայմաններով ժամանակին վարձակալության են տրվել եւ դրանք, ըստ էության, այլևս Ժուռնալիստների միությանը չեն պատկանում։

«Ժամանակին կնքվել են նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է մեզ խոստանում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունը գտնվում է Պուշկինի, 3ա հասցեում, կոմերցիոն առումով բավականին լավ վայրում։ Այս շենքում կա մի քանի վարձակալ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, «Հելսինկյան» ընկերությունը, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնադրամը, «168 ժամ»-ը և Արամայիս Սահակյան անհատ ձեռնարկատերն է այնտեղ գործունեություն ծավալում», – ասաց Սեյրանյանը:

Սեյրանյանը որպես օրինակ բերեց այս հասցեում ենթավարձակալության իրավունքով տարածք վարձակալած մի քանի ընկերություն:

«Օրինակ՝ «Էլզա Գրիգ» ընկերությունը մինչև 2080թ.-ը վարձակալել է 798,6 քառակուսի մետր տարածք 400 հազար դրամով, որի մեջ ներառված են հարկերը, իսկ տարածքի գույքահարկն ու համատիրության վճարները միությունը պետք է կատարի։ Նշեմ, որ միայն այդ տարածքի գույքահարկը մեկ տարվա համար կազմում է 566 հազար 771 դրամ։ Այսինքն, մեկ քառակուսին այդ ընկերությանը տրվել է 501 դրամով», – ընդգծեց Սեյրանյանը:

Նա նշեց, որ խնդիրը ներկայացրել է ինչպես Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այնպես էլ՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը համոզված է, որ եթե միությանը հաջողվի տարածքները վերադարձնել, ապա կարող են թե գույքահարկը վճարել եւ թե բոլոր մյուս հարկային պարտավորությունները կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում