Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից

Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Թուրքիան երկիր մուտք գործելու թույլտվություն չի տվել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, ովքեր Ստամբուլ էին ժամանել Սելահաթթին ԴԵմիրթաշին պարգևատրելու նպատակով։ Միշել Լաուրենտն ու Սիլվի Ժանը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողով րդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահին պետք է հանձնեին «Montluc – Résistance et Liberté» գրական մրցանակը։

Ֆրանսիայի քաղաքացիները 40 ժամ շարունակ պահվել են Ստամբուլի օդանավակայանում՝ առանց պատուհանների մի սենյակում, իսկ այնուհետև արտաքսվել են երկրից։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Դեմիրթաշը «Emmanuelle Colas» հրատարակչության կողմից դեռ 2019թ․ փետրվարի 10-ին պարգևատրվել էր «Montluc – Résistance et Liberté» մրցանակով, որը Ֆրանսիայի կարևորագույն գրական մրցանակներից մեկն է։ Հրատարակչությունը մրցանակը Սելահաթթին Դեմիրթաշի կնոջը՝ Բաշաք Դեմիրթաշին հանձնելու նպատակով լիազորել է Միշել Լաուրենտին։ Վերջինս մարտի 18-ին ժամանել է Ստամբուլ, որտեղ պարզվել է, որ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Լաուրենտին ուղեկցող Ժանը վախեցել է նրան միայնակ թողնել օդանավակայանում, ուստի նույնպես հրաժարվել է երկիր մուտք գործելուց։

Ֆրանսիայի քաղաքացիների փաստաբանները միջադեպի առթիվ գրավոր հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է․ «Մարտի 19-ին մենք այցելել ենք Ստամբուլի օդանավակայան, սակայն մեզ թույլ չեն տվել տեսակցել մեր պաշտպանյալների հետ՝ այն անհեթեթ պատճառաբանությամբ, որ օդանավակայանը նորակառույց է։ Մեր պաշտպանյալները զրկվել են իրավական ինքնապաշտպանության իրավունքից։

Պատասխանատու անձինք ոչ մի կերպ ոչ մեզ, ոչ մեր պաշտպանյալներին չեն մեկնաբանել կիրառված արգելքի հիմքերը։ Մեր պաշտպանյալներին ապօրինաբար արգելվել է մուտք գործել երկիր, և կարծես դա էլ բավարար չէ, մինչև երկրից արտաքսվելը՝ 40 ժամ շարունակ նրանք պահվել են պատուհաններ չունեցող մի սենյակում։ Դրա դեմ մեր ներկայացրած բողոքներին մեզ պատասխանեցին, որ օդանավակայանը դեռ նոր է, իսկ Ֆրանսիայի հետ թռիչքները կանոնավոր չեն»։

Լաուրենտի և Ժանի փաստաբանները տեղեկացրել են նաև, որ իրենց պաշտպանյալների դեմ կիրառված արգելքի վերացման նպատակով իրավական գործընթաց են սկսելու։

Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու, զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, խմբավորման օգտին հանցագործություն կատարելու մեղադրանքով դեռ 2016թ․ նորյեմբերին կալանավորված Սելահաթթին ԴԵմիրթաշը այս պահին գտնվում է Էդիրնեի փակ տիպի կալանավայրում։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով Դեմիթաշին դատապարտել է ազատազրկման 4 տարի և 8 ամիս ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում