Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից

Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ինդոնեզական Garuda Indonesia ընկերությունը որոշել էր Boeing-ից գնել 49 737 MAX, սակայն գործարքը չի կայացել։ Ավիաընկերության ուղևորները վախենում են նստել այդ ինքնաթիռները Ադիս-Աբեբայում տեղի ունեցած ավիաաղետից հետո։

360tv.ru-ն, հղում անելով AFP-ին, գրում է, որ ինդոնեզական կողմի նման որոշման պատճառով Boeing-ը կորցրել է մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ընդհանուր առմամբ, Աֆրիկայում ինքնաթիռի կործանումից հետո ընկերության հետ համագործակցությունից հրաժարվել են ամբողջ աշխարհից շուրջ երեք տասնյակ ուղևորափոխադրողներ։

«Մենք Boeing-ին նամակ ենք ուղարկել՝ խնդրելով չեղարկել պատվերը։ Garuda Indonesia-ի ուղևորները կորցրել են վստահությունը և չեն ցանկանում Boeing 737 MAX-ով թռչել»,– ասել են ավիաընկերությունից։

Սա Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից հետո առաջին դեպքն է, երբ ավիաընկերությունը խզել է պայմանագիրը Boeing-ի հետ։ Մյուս բոլոր ավիափոխադրողները դադարեցրել են համագործակցությունը մինչև ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները պարզելը։

Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 33 երկրի քաղաքացիներ էին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում