Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան):

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական ծառայության մեկնարկի առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա գործուն մասնակցությամբ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ՝ որպես հեռանկարային ոլորտներ մասնավորապես նշելով առողջապահությունը, դեղագործությունը, բիոտեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Նրանք ընդգծել են նաեւ փոխշահավետ գործակցության մեծ ներուժը գիտակրթական և մշակութային բնագավառներում:

Նշելով, որ խորհրդային տարիներին շատ կուբացիներ էին կրթություն ստանում Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել այդ ավանդույթի վերականգնումը, կրթական, մշակութային փոխանակման ծրագրերի իրականացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում