Արցախում 25%-ով աճել է 4-րդ երեխաների ծնունդը

Արցախում 25%-ով աճել է 4-րդ երեխաների ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Artsakhpress.am: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրով 2016-2018 թվականներին Արցախի ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աջակցությունը խթանել է ծնելիությունը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ մինչև այս ծրագրի մեկնարկն ԱՀ-ում գրանցվել է 4-րդ երեխայի 150 ծնունդ, իսկ 2016 թվականին՝ 213, 2017-ին՝ 230, իսկ 2018-ին էլ 201:

«Ծրագրի իրականացման ընթացքում Արցախում 25%-ով աճել է 4-րդ երեխաների ծնունդը: Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են ծնելիության աճին: Օրինակ՝ երրորդ երեխայի համար պետությունը միանվագ տրամադրում է 500 հազար դրամ գումար, իսկ չորրորդի դեպքում՝ 700 հազար: Մինչև 2 տարեկան երեխայի համար պետությունը սահմանել է նպաստ, իսկ 4-րդ երեխայի դեպքում մինչև 18 տարեկանը՝ ամենամսյա: Հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներն օգտվում են նաև պետական և բարեգործական այլ աջակցություններից»,-մասնավորապես ավելացրել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում