Կոնստանտին Օրբելյանի՝ օպերայի թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցվել են

Կոնստանտին Օրբելյանի՝ օպերայի թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները (Կ. Օրբելյանի լիազորությունների դադարեցման իրավական հիմքերը ներկայացված են կից տեղեկանքում):

Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում մաեստրո Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնավարման ընթացքում իր կատարած աշխատանքի և նվիրումի համար»,– նշված է հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում