Ալիևի տձև «հերոսությունը»

Ալիևի տձև «հերոսությունը»

Երեք տարի առաջ՝ ապրիլի 2-ի առավոտյան, ադրբեջանական լրատվամիջոցները հանդես եկան պաթոսային գլխագրերով, թե Ադրբեջանի «հաղթական բանակն անցել է հարձակողական գործողությունների՝ ազատագրելու իր օկուպացված տարածքները»։ Այսօր՝ երեք տարի անց, նույն այդ լրատվամիջոցները գրում են՝ 2016թ ապրիլի 2-ին հայկական բանակը պատերազմ է սանձազերծել Ադրբեջանի դեմ։ Պետք է նշել, որ իրադարձությունների գլխիվայր շրջված այս մեկնաբանությունն այսօր չէ, որ տեղի է ունեցել։ Տեղի է ունեցել հենց երեք տարի առաջ՝ մարտական գործողությունների մեկնարկից ժամեր անց, երբ ակնհայտ դարձավ, որ իրադարձությունները զարգանում են չնախատեսված սցենարով։ Եվ Բաքվի քարոզչամեքենան ստիպված էր խմբագրել հրապարակ նետված վերնագրերն ու գլխագրերը՝ փորձելով ներկայանալ անմեղ զոհի դերում։

Դահիճից զոհի կերպարանափոխումը Բաքվի համար, կարծես թե, սովորություն է դարձել։ Հատկանշանական է, որ հենց Արցախյան պատերազմն է հայ ժողովրդին դուրս բերել Հայոց ցեղասպանությունից հետո ձևավորված զոհի կերպարից, ուղղել հայ մարդու մեջքն ու նրան արժանապատվորեն ապրելու իրավունք տվել։ Միևնույն ժամանակ, Բաքվին դրել անընդհատ նվնվացող, աշխարհով մեկ Հայաստանին զսպելու կոչեր ու աղերսներ անողի դերում։

Հայտնի ճշմարտություն է՝ ուժի ցուցադրումը թուլության նշան է։ Այդ է պատճառը, որ Ապշերոնի սուլթանը չի հոգնում Շուշին, Սևանն ու Երևանը գրավելու մասին խոսելուց, չի կշտանում թանկարժեք գերարդիական սպառազինություն կուտակելուց, կարծես, առանձնակի հաճույք է ստանում ժանիքները ցուցադրելուց։ Եվ երբ հանկարծ, գեթ մեկ անգամ, հայկական կողմը պատասխանում է օր օրի հնչող ռազմատեչ հայտարարություններին, նվնվոցն ավելի է ուժգնանում. տեսեք-տեսեք, Հայաստանը զավթողական քաղաքականություն է վարում։ Որպես օրինա՞կ։ Ահա խնդրեմ. Բաքվում այս օրերին վայնասուն են բարձրացրել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության կապակցությամբ, որ նա կատարել է Նյու Յորքում՝ հայկական համայնքի հետ հանդիպմանը քննարկելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գոծընթացը։ Իսկ Տոնոյանն ասել է բառացիորեն հետեւյալը. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։ Ապա, շարունակելով միտքը, շեշտել է. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։ Ադրբեջանական ընկալմամբ՝ ի՞նչ պակաս զավթողական քաղաքականություն է Հայաստանի կողմից։ Երեւի թե ճիշտ են ասել մեր հները. «Վախի աչքերն ավելի մեծ են, քան սատանան ինքն է»։ Ինչ խոսք, դա ամենեւին էլ հերոսի կեցվածք չէ, որպիսին ապարդյուն փորձում է Բաքուն ձեւանալ իր հանրության առջեւ։

Մինչդեռ իսկական հերոսի ամենաբնորոշ հատկանիշը համեստությունն է։ Համեստությունը հերոսության հետ է քայլում։ Այդպես մեր տղաները դիմակայեցին ադրբեջանական զինուժի արհեստավարժ հատուկ ջոկատայիններին։ Այդպես Ստեփանակերտի հրապարակները լցվեցին առաջնագիծ շտապող կամավորականներով։ Այդպես ամեն օր հայ դիրքապահ զինվորները հսկում, պահպանում են մեր բոլորի խաղաղ օրերը։ Համեստորեն։ Նաեւ արժանապատվորեն։ Զգոն եւ աչալուրջ։ Անվեհեր ու վստահ։ Հսկում են, որպեսզի այլևս երբեք զոհի կարգավիճակում չհայտնվենք։ Իսկ Բաքվի վախվորած տրտունջն ու նվնվոցը, որ այսօր կրկին ուժգնացել է, հոգ չէ, թեկուզ և հավերժ հնչի։

Յուլիա ՎԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում