«Ժողովուրդ». Ոչ թե հանցագործություն, այլ հերոս նահատակների հիշատակի դեմ ուղղված ոտնձգություն

«Ժողովուրդ». Ոչ թե հանցագործություն, այլ հերոս նահատակների հիշատակի դեմ ուղղված ոտնձգություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած միջադեպն այլ կերպ, քան սրբապղծություն, դժվար է անվանել: Խոսքը հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենան թալանելու մասին է: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զոհված հերոսների ընտանիքի անդամները, մերձավորները նրանց շիրիմի մոտ էին. սա, թերևս, ամենասոսկալին է ու աններելի:

Կարող ենք ենթադրել՝ հանցագործները չեն իմացել՝ կոնկրետ ում մեքենան են կողոպտում, բայց առնվազն պատկերացում ունեցել են, թե այդ օրով ովքեր կարող էին գալ Եռաբլուր: Այնպես որ, մեքենաների կողոպուտը սովորական հանցագործություն չէր: Ու իրավապահ համակարգը կատարվածին հենց այդ տեսանկյունից պետք է մոտենա՝ մտքում քաջ գիտակցելով, որ բացահայտում են ոչ թե պարզապես հանցագործություն, այլ հերոս նահատակների հիշատակի դեմ ուղղված ոտնձգություն:

Ի դեպ, երեկ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները, միաժամանակ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը: Սակայն, համաձայնեք, հասարակությունը սպասում էր կոնկրետ արդյունքներ. հանցագործները պետք է հայտնաբերված լինեին դեպքից ժամեր անց ամենաօպրեատիվ կերպով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում