Մոսկվան կօգնի Ադրբեջանին եւ Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները. Զախարովա

Մոսկվան կօգնի Ադրբեջանին եւ Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Բաքվին ու Երեւանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որի տեքստը զետեղված է ռուսական դիվանագիտական գերատեսչության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված է կարեւորագույն արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարեւորություն Է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ,- նշել է դիվանագետը:- Սերտ փոխգործակցությամբ ենք աշխատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մյուս համանախագահ պետությունների հետ»:

Այս համատեքստում արծարծելով Երեւանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին, Զախարովան ընդգծել է, որ դա «Հայաստանի ներքին գործն Է»: «Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը մտադրություն են դրսեւորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը»,- հավելել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությունն արձանագրվեց նաեւ անցյալ շաբաթ Վիեննայում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ: «Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օժանդակություն ենք ցուցաբերելու, որպեզի իրագործենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում ձեռք բերվեց Ավստրիայի մայրաքաղաքում»,- հավաստիացրել է դիվանագետը:

«Սակայն, ինչպես քանիցս ընդգծել են համանախագահ երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա: Դրա համար հիմք կա: Գլխավորը՝ քաղաքական կամք դրսեւորելն է»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում