Գյուղատնտեսական տարին շատ հարթ է մեկնարկել, բերքառատ տարի է սպասվում. Հրաչ Բերբերյան

Գյուղատնտեսական տարին շատ հարթ է մեկնարկել, բերքառատ տարի է սպասվում. Հրաչ Բերբերյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Դատելով եղանակային պայմաններից և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտարարությունից, որ ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում՝ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը բերքառատ տարի է կանխատեսում։

«Գյուղատնտեսական տարին շատ հարթ է մեկնարկել։ Մեր փորձը ցույց է տալիս, որ պետք է բարենպաստ լինի։ Միակ վտանգը, որ տեսնում ենք, ապրիլի և մայիսի վերջերին հնարավոր ցրտահարությունն է։ Մնացած ամեն ինչ լավ է։ Իհարկե, կարկտի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր չունի այն հակակարկտային ծառայությունները, որ կարողանա դրա դեմ պայքարել», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ հակակարկտայի ծառայությունն իրեն չի արդարացնում, և տեղումները կարող են գյուղատնտեսությանը լուրջ վնասներ հասցնել։

«Հրթիռային համակարգ չկարողացանք շահագործել, որը վաղ թե ուշ պետք է շահագործենք՝ իհարկե ներդրելով նաև ցանցային համակարգը։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ոչինչ չի կարող անել, որովհետև այն սարքերը, որոնք տեղադրվել են, բառիս բուն առումով սրիկաների կողմից են ներկրվել Հայաստան, փող են լվացել։ Այդ սարքերը երբեք օգուտ չեն տվել», – ասաց մեր զրուցակիցը։

Հրաչ Բերբերյանը հիշեցրեց, որ Հայաստան կարկտաբեր ամպեր ներթափանցում են հիմնականում Միջերկրական ծովից։ Ռիսկի գոտում հայտնվում են հատկապես Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզերը, Բաղրամյանը, իսկ դա նշանակում է, որ վտանգի տակ են հայտնվում ծիրանենիները, դեձենիներն ու խախողի վազերը, նաև՝ բանջարեղենը։ Համեմատաբար ապահով վիճակում է մնում Արարատի մարզը։

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզում կարկուտին, ապա մասնագետի խոսքով, այն կարելի է «տեղական» համարել և հիշել, որ լոկալ բնույթ է կրում՝ վնասելով հիմանականում կարտոֆիլագործությանը։

Հիշեցնենք՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, և 2018 թվականի համեմատ՝ այս տարին ավելի նպաստավոր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում