ՀՀ վարչապետն և Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետն և Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական միջխորհրդարանական խմբի համանախագահ Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին ու Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն սփյուռքահայերի հետ հանդիպումները, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվում քննարկել հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների կարևորագույն նպատակներից մեկը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակ և օրակարգ ձևավորելն է, որպեսզի հայրենիքն ու Սփյուռքը գործեն միասնական օրակարգով: Անդրադառնալով հայ-ռումինական հարաբերություններին՝ վարչապետը կարևորել է Երևան-Բուխարեստ նոր ավիաչվերթի գործարկումը և հույս հայտնել, որ այն կունենա հաջողություններ:

Վարուժան Ոսկանյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին: Նա վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հաջողությամբ կիրականացնի ստանձնած առաքելությունը: Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատագամավորը նշել է, որ տեղի հայ համայնքը ևս պատրաստ է իր նպաստը բերել հայրենիքի զարգացմանը տարբեր ոլորտներում և այդ նպատակով ՀՀ կառավարության հետ ցանկանում են լինել մշտական կապի և քննարկումների մեջ: Վարուժան Ոսկանյանն անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի գործունեությանը և վստահություն հայտնել, որ այն կարող է մեծ դեր խաղալ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու ընդլայնման գործում:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի, մասնավորապես, գրականության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում