«Հրապարակ». Ինչո՞ւ դասալքության առաջին դեպքի համար պատիժ չկիրառվեց

«Հրապարակ». Ինչո՞ւ դասալքության առաջին դեպքի համար պատիժ չկիրառվեց

«Հրապարակ» թերթը գրում է. «Տպավորություն կա, որ փորձ է արվում շուտ մոռացության տալ Մեղրու գնդի միջադեպը. ինչպե՞ս եք գնահատում զինվորների դասալքություն-ըմբոստությունը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանին։ «Կարծում եմ՝ մենք նախևառաջ խնդիր ունենք արժեքային, կրթական համակարգում, որ երիտասարդությունը նման արժեքների չդավանի։ Պետք է նաև հրամանատարների շղթան վերանայել ու նոր` միջադեպի մասնակից թե՛ զինվորներին, թե՛ հրամանատարներին ենթարկել պատասխանատվության»:

Չե՞ք կարծում, որ դա թավշյա հեղափոխության ժամանակ գունդը լքած զինվորների նախադեպի շարունակությունն էր, որի ժամանակ որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ավելին` գնդի հրամանատարն առաջխաղացում ունեցավ։ «Ես կուզեի, որ էդ երկու դեպքերն իրարից առանձնացվեն»: Ինչո՞ւ։ «Երկու դեպքում էլ պետք է պատիժը լինի, անշուշտ, որովհետև, եթե զինվորը երդում է տվել, չպետք է այն խախտի թե՛ հեղափոխության ժամանակ, թե՛ հետո, բայց մանիպուլացնել և ասել, որ սա ընդամենը նախադեպի հետևանք էր, համաձայն չեմ. այն ավելի խորը արմատներ ունի»:

Դուք իշխանություն եք, ինչո՞ւ առաջին դեպքի համար պատիժ չկիրառվեց, ինչո՞ւ այդ հարցը չբարձրացվեց։ «Դա, կարծում եմ, պատկան մարմինների խնդիրն է, այնուհանդերձ, նման բոլոր դեպքերում էլ պետք է լինեն պատշաճ քննություն և պատասխանատվություն, և եթե զորամասի կարգը խախտվել է, պետք է անպայման խախտողը պատժվի»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում