ԲՀԿ-ն առաջարկում է պետական կառավարման մարմինների կողմից պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու դեպքում նշանակել տուգանք

ԲՀԿ-ն առաջարկում է պետական կառավարման մարմինների կողմից պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու դեպքում նշանակել տուգանք

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են պետական կառավարման մարմինների, համայնքների ղեկավարների, դիվանագիտական ծառայության մարմինների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում տուգանք կիրառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պետրոսյանը:

«Պատգամավորի համար առավել քան անհրաժեշտ է, որ նրա գործունեությունը խոչըդնոտող երևույթները դուրս բերվեն մեր իրականությունից: Առաջարկվել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքում լրացում կատարել։ Դրանով սահմանվում է, որ կառավարության անդամների, ինչպես նաև կառավարության, վարչապետի, նախարարությունների ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելն առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով: Այդպիսի դեպքեր կարող են լինել պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելուց հրաժարվելը, դրանք ապահովելուց խուսափելու կամ այդ իրավունքների ապահովման ուղղությամբ խելամիտ գործողությունների չձեռնարկելը և այլն»,-ներկայացրեց Պետրոսյանը:

Իսկ եթե տուգանքի նշանակումից հետո 1 տարվա ընթացքում նույն արարքն իրականացնի, ապա անձը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-պատիկի չափով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե որն է օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ ինքը դեռ ոչ մի խոչըդնոտի չի հանդիպել, որ դիմի որևէ պետական կառույցի և մերժում ստանա, հետաքրքրվեց Պետրոսյանից, թե իր պրակտիկայի ընթացքում եղե՞լ է, արդյոք, նման դեպք:

Պետրոսյանը նշեց՝ եղել են դեպքեր, որ, օրինակ, պատգամավորի հարցումն ամիսներով մնացել է անպատասխան, և որևէ իրավական լծակ չկա այդ անձանց պատասխանատվության ենթարկելու: «Սա «զսպաշապիկ» է այն պաշտոնյաներին, ում համար դեռ ընկալելի չէ, որ ՀՀ-ն խորհրդարանական պետություն է, և պատգամավորը, որը ժողովրդի քվեով լծվել է ժողովրդի խնդիրները լուծելուն, չպետք է իր օրինական գործունեությանը խոչընդոտող որևէ հանգամանքի հանդիպի»,- ասաց պատգամավորն ու շեշտեց՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը ծնվել է նման դեպքերից:

Կառավարությունը բացասական եզրակացության էր տվել նախագծին: Նախագիծը հանձնաժողովում 4 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ևս ստացավ բացասական եզրակացություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում