Ցեղասպանության ժխտողականությունը շատ ցավալի է, այն հետապնդում է սերունդների. ԱԳ նախարար

Ցեղասպանության ժխտողականությունը շատ ցավալի է, այն հետապնդում է սերունդների. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Times.am: 1915թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը սկսվել է ըստ նախապես մշակված ծրագրի, որի նպատակն ամբողջ ժողովրդի ոչնչացնումն էր՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով լրագրողի որքա՞ն էր Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, ոմանք նշում են 1․5 միլիոն, մյուսները՝ 800 հազարից մինչև 1,8 միլիոն հարցին:

«Հենց այս իրադարձություններն էին, որոնք ընկած են իրավաբանների և գիտնականների, մասնավորապես՝ ցեղասպանության մասին կոնվենցիայի հիմնադիր և հեղինակ Ռաֆայել Լեմկինի հետազոտությունների հիմքում, ով իր ամբողջ կարիերան նվիրեց այս երևույթի ուսումնասիրությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչու են տեղի ունենում նման երևույթներ։ Հետագայում նա հեղինակեց ցեղասպանության եզրույթը և իրավական ուժ հաղորդեց դրան։ Միջազգային հանրությունը ընդունեց ցեղասպանության մասին կոնվենցիան 1948 թվականին, որի հիմնական աղբյուրը կազմում էր Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունը»,-նշել է նա։

Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ հայերը գիտեն ցեղասպանության աղետի խորությունը: Դա տեղի է ունեցել հայերի հետ, որին հետևել են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը։ «Մենք ձախողել ենք այդ ոճրագործության ճանաչման գործում։ Մենք ձախողել ենք ճանաչել սերունդներին հասցված այն վնասը, երբ արդարությունը ժխտվում է։ Այժմ հինգերորդ սերունդն է, ովքեր հանդիսանում են ցեղասպանություն վերապրածներ կամ դրանց հետնորդներ։ Ամեն անգամ մենք՝ միջազգային հանրությունը, բարձրաձայնում ենք «այլևս երբեք», սակայն դա բավարար չէ: Ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյոք ցուցաբերում ենք ծանրակշիռ մոտեցում, արդյոք դա բավարար է, արդյոք մենք բավարար ուշադրություն ենք դարձնում ցեղասպան հակվածությունների նախանշաններին, որոնք կարող են կանխորոշվել առավել վաղ փուլում։ Արդյոք մենք կիրառում ենք վաղ արձագանքում՝ կանխարգելելու համար, թե թույլ ենք տվել, որ այն հանգեցնի աղետի»,-հավելել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ ազգերը, նախ և առաջ պետությունները միջազգային հանրությունը պարտավոր է հավաքական կերպով արձագանքել նախանշաններին և երբեք թույլ չտալ, որպեսզի դրանք հասնեն մի կետի, երբ փլուզվում է ողջ համակարգը: «Մինչ օրս մենք՝ հայերս, բախվում ենք Ցեղասպանության հերքմանը: Բայց մենք մեզ համարում ենք հաղթողներ, քանի որ մենք պետք է բնաջնջված լինեինք երկրի երեսից: Բայց այսօր մենք ինքնավստահ ժողովուրդ ենք՝ հզոր և հպարտ իր ինքնությամբ, պատմությամբ, քաղաքակրթությամբ, որը բարգավաճող համայնքներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, ունի ազգային պետություն, երկիր: Եվ սա է մեր պատասխանը նրան, ինչը կոչված էր իսպառ բնաջնջելու մեզ»,-ասել է նա, հավելելով, որ ցեղասպանության ճանաչման ժխտումը, ժխտողականությունը շատ ցավալի է ու այն հետապնդում է սերունդների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում