Քաղաքացու օրը պետք է լինի տարվա 365 օրը. Գևորգ Պետրոսյան

Քաղաքացու օրը պետք է լինի տարվա 365 օրը. Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սկզբունքորեն կողմ է Հայաստանում ՀՀ քաղաքացու օր ամրագրելուն, բայց ունի վերապահումներ։

«Մի փոքր անհասկանալի է, որ այս նախագիծը հրատապ ռեժիմով է բերվում խորհրդարան։ Այդքան կարևոր հա՞րց էր, որ անդրադառնանք հրատապ ռեժիմով, 24 ժամվա ընթացքում էլ ընդունենք։ Մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց կարծում ենք, որ քաղաքացու օրը պետք է լինի տարվա 365 օրը», – ԱԺ արտահերթ նիստում Քաղաքացու օր ամրագրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում քաղաքացին ամեն օր պետք է իրեն զգա գնահատված ու պաշտպանված, հարգված ու ապահովված։

«Մի օր գտնել ու հայտարարել քաղաքացու օր և քաղաքացին այդ օրը իրեն ծափ տա, երևի թե ավելորդ հույս ենք պահպանում», – նշեց նա։

Նկատենք՝ կառավարությունը արտահերթ նիստով խորհդրարան է ներկայացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում