Զաքիր Հասանովի երկար լեզուն ու «երկնային գունդը»

Զաքիր Հասանովի երկար լեզուն ու «երկնային գունդը»

Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հերթական անգամ աչքի ընկավ ոչ այն է աղմկահարույց, ոչ այն է զավեշտալի հայտարարությամբ։ «2016թ ապրիլի 2-ին ադրբեջանական բանակը 18 րոպեում ճեղքել է հայակական պաշտպանական գիծը»,- ասել է Զաքիր Հասանովը։ Այնուհետև, ըստ երևույթին, հավատալով ու ոգևորվելով սեփական խոսքից, շարունակել է. «Ապրիլյան պատերազմին մասնակցել է ադրբեջանական զինված ուժերի ընդամենը 20 տոկոսը, որը երեք օրում ջախջախել է հայկական բանակը»։

Այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թվաբանության հետ ակնհայտ խնդիրներ ունի, վաղուց պարզ է։ Օրինակներ՝ որքան ուզեք։ Ասենք, այն, որ Ապրիլյան պատերազմի օրերին կենդանի ուժի սեփական կորուստները Բաքվում հաշվեցին-հաշվեցին, բայց այդպես էլ հաշիվը չիմացան։ Պաշտոնապես հայտարարվեց 31 զոհի մասին, բայց ահա պատերազմի զոհերի հիշատակին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի տված սգո ճաշկերույթին 240 զոհվածի մայր հրավիրվեց։ Իսկ 2017թ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հրապարակեց մի փաստաթղթի պատճեն, որը բացահայտեց 2016 թ օգոստոսին ապրիլի 6-ի դրությամբ ադրբեջանական բանակի կրած մարդկային կորուստների իրական պատկերը։

Փաստաթուղթը Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի նամակն է՝ ուղղված պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Նամակում սևով սպիտակի վրա գրված է. «Ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայողներ: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել: Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ ՀՆ ուժերի զինծառայողներ»: Դժվար չէ ենթադրել, որ մյուս 353 զոհվածները վարձկաններ էին։ Հաշվի առնելով զոհերի մեծ թիվը, գլխավոր շտաբի պետը նաև իրավիճակից դուրս գալու ուղիներ է առաջարկել բանակի գլխավոր հրամանատարին. «Ադրբեջանի Հանրապետության բնակչության շրջանում զինված ուժերի հանդեպ բացասական քննադատությունները, բանակի անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները վերացնելու նպատակով առաջարկում եմ.

1. ԱՀ ԶՈւ-ի զոհված զինծառայողների դիերի փոխանցումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական մոտ 60):

2. Զոհված զինծառայողների մի մասի հուղարկավորության արարողությունները ծնողների հետ համաձայնեցնելով իրականացնել գիշերային ժամերին` վերահսկողության ներքո:

3.Զոհվածների ընտանիքներին ՊՆ հիմնադրամից հատկացնել 5000 մանաթ»:

Եվ սա դեռևս ապրիլի 6-ի դրությամբ։ Իսկ մարտական գործողությունները, ինչպես հայտնի է, ամենևին էլ չեն դադարել իրենց իսկ խնդրանքով ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությամբ և, կարելի է վստահաբար ասել, որ զոհերի թիվը, դրանից հետո էլ աճել է։

Եվ կամ, ի՞նչ է նշանակում բանակի ներուժի 20 տոկոսով հարձակման անցնել։

Այսինքն, տարիներով զենք են կուտակել, բազմիցս հայտարարել Շուշիում թեյ խմելու անհագուրդ ցանկության մասին, հատուկ ջոկատայիններով ու վարձկաններով գիշերվա քողի ներքո հարձակվել են, առանց լուրջ ջանքերի ու դիմադրության 18 րոպեում ջախջախել մեր առաջնագիծն ու կա՞նգ առել։ Այդ դեպքում, ուրեմն, հարևան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիրներ ունի ոչ միայն թվաբանության հետ։ Իսկ հայտարարության մյուս հատվածը, որով Հասանովը փորձում է ստվերել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի զինվորականի կերպարը, թողնենք առանց մեկնաբանության։ Առանց այն էլ, դասալիք նախարար Զաքիր Հասանովի ամոթալի անցյալը իր հայրենիքում էլ վերջերս հաճախակի են հիշեցնում նրան։

Յուլիա ՎԱՆՅԱՆ

P.S.

Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեսանք, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ իրենց ողջ շքեղությամբ պատկերված են Ապրիլյանի պատերազմի՝ Ադրբեջանի համար որոշ բացասական հետևանքներ։ Կարծում ենք, այս լուսանկարը լրացուցիչ փաստարկ կլինի Ադրբեջանի տաք գլուխների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում