Կաթողիկոսն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Կաթողիկոսն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն է ուղղել դեսպանին նշանակման առիթով` արդյունավոր առաքելություն մաղթելով Հայաստանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հագործակցությունն ու բարեկամությունը, ինչին կարևոր իր նպաստն է բերում նաև ԱՄՆ հայ համայնքը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դժվարություններին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր պետերի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին:

Գարեգին Բ Հայրապետը և ԱՄՆ դեսպան Թրեյսին նաև զրուցել են հայ ժողովրդի կյանքում ինչպես անցյալում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցու հոգևոր և ազգապահպան առաքելության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում