Իրանում ջրհեղեղից տուժածների աջակցության մարդասիրական խումբը բարեհաջող հատել է հայ-իրանական սահմանը

Իրանում ջրհեղեղից տուժածների աջակցության մարդասիրական խումբը բարեհաջող հատել է հայ-իրանական սահմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղների պատճառով տուժած անձանց համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուղարկած մարդասիրական խումբն արդեն իսկ հարևան երկրում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կարմիր մահիկ» կազմակերպության գործընկերներ պետք է ուղեկցեն խմբին դեպի Թավրիզ, որտեղ կտրամադրվի ուղարկված ողջ գույքը:

«Երեկ ԻԻՀ ուղարկված մարդասիրական օգնության խումբն այսօր արդեն բարեհաջող կերպով հատել է հայ-իրանական սահմանը: «Կարմիր մահիկ» կազմակերպության մեր գործընկերները դիմավորել են նրանց արդեն և ուղեկցում են մինչև քաղաք Թավրիզ»,– լրագրողների հետ զրույցում նշեց Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ռուսական կողմի ղեկավար Յուրի Պոլեշչուկը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ խումբը կհասնի Թավրիզ, վաղն առավոտյան գույքը կհանձնվի, ապա՝ խումբը կվերադառնա Հայաստան:

Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի հայկական կողմի ղեկավար Պավել Գյոզալյանը շեշտեց, որ խումբը երեկ գիշերել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, քանի որ մութ է եղել և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու կարիք է զգացվել:

«Այսօր առավոտյան ժամը 8-ին շարժվել են, սահմանին ոչ մի խնդիր չի առաջացել, քանի որ իրանական կողմը տեղյակ է եղել մարդասիրական օգնության մասին: Կամ այսօր, կամ վաղը՝ ապրիլի 10-ին կիրականացվի բեռնաթափումը, և մեր խումբը կարող է վերադառնալ»,- ընդգծեց Գյոզալյանը:

ՌՀՄԿ-ից տեսազանգի միջոցով նաև կապ հաստատեցին ԻԻՀ-ում գտնվող մարդասիրական խմբի հետ:

Կենտրոնի օպերատիվ կառավարման վարչության պետ Սերգեյ Նազարյանն ասաց, որ թղթաբանական բոլոր հարցերը մաքսատանն արդեն իրականացվել են և այժմ շարունակում են ճանապարհը դեպի նշանակված վայր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում