Երեխաների փոխադրումը կիրականացվի քարսիթով և անվտանգության ամրագոտիներով

Երեխաների փոխադրումը կիրականացվի քարսիթով և անվտանգության ամրագոտիներով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործումը արգելող պայմանները, ճանապարհային գծանշումների և ճանապարհային նշանների ներկայացնող պահանջները սահմանող կառավարության որոշումներում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես կառավարության ընդունած որոշման համաձայն, նախատեսվում է.

1.Կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը.

2. շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին,

3.մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ,

4. ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը.

5. խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում.

6. կհանվի հաշվառման համարանիշերի թվերը և տառերը թափքի հետնապատին կրկնելու պահանջը և փոխարենը կսահմանվի, որ հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.

7. կսահմանվեն հեծանվորդների, ինչպես նաև հիբրիդային ավտոմոբիլների երթևեկության կարգավորման նոր կանոններ և ճանապարհային նշաններ:

Նշենք, որ 3-րդ կետի համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը պետք է իրականացվի մանկական նստատեղի (carseat), իսկ 7-12 տարեկան երեխաների փոխադրումը՝ մանկական նստատեղի օգտագործման կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:

Մասնավորապես նախատեսվում է.

-Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

– 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

-Թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:

-Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում