Փաշինյանը վերահաստատեց` Հայաստանն իր հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում

Փաշինյանը վերահաստատեց` Հայաստանն իր հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն իր հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, այլև ունենք հարևաններ, որոնց հետ ունենք բարձր մակարդակի հարաբերություններ: Ես նկատի ունեմ Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում: Այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Եվ փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Գիտեք, որ, ցավոք սրտի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մենք, ըստ էության, չունենք դիվանագիտական հարաբերություններ, և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան բոլորիս համար պարզ է: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով»,- ասաց Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել, իսկ հարևան երկրների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում:

«Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը, մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, ես արդեն ընդհանուր առմամբ ուրվագծեցի մեր պատկերացումը, և ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերությունները Ադրբեջանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ, պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում: Եվ ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը»,– նշեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում