Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունումը

Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Times.am: Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է։ Այս մասին նշված է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։

Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։

Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում