Հոսանքի նոր հաշվիչներ՝ նոր կրճատումներ

Հոսանքի նոր հաշվիչներ՝ նոր կրճատումներ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն սկսել է բաժանորդների հաշվիչները էլեկտրոնայիններով փոխարինելու գործընթացը։ Տեսուչների շրջանում մտավախություն կա, որ, ի վերջո, իրենք կմնան անգործ։ Մտավախությունը իզուր չէ։

Panorama.am-ը հետաքրքրվեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանից՝ արդյո՞ք հաշվիչները փոխելուց հետո տեսուչներն անգործ են մնալու, ունե՞ն կոնկրետ հաշվարկ, թե քանի՞ տեսուչ կկրճատվի։

Նա նշեց, որ հաշվիչների փոխարինումը երկարատև, փուլ առ փուլ իրականացվող գործընթաց է։ Այն ընդգրկված է ՀԷՑ տասնամյա ներդրումային ծրագրում, արժեքը կազմում է 172,5 միլիոն դոլար։

«Երկարատև գործընթաց է, մի քանի տարվա ծրագիր է, այնպես չէ, որ, օրինակ, այսքան ամիս հետո հաշվիչները կտեղադրվեն, տեսուչները կկրճատվեն։ Գործընթացի վերջում, համակարգի ներդրման արդյունքում, այո, որոշ տեսուչների կարիք չի լինի։ Բայց նրանք, որոնք պրոֆեսիոնալ են, համակարգում կկարողանան այլ աշխատանքով զբաղվել, իհարկե, կմնան»,– ասաց Ն․ Սարանջյանը։

Նրա խոսքով, ընկերությունն աշխատողներին կրճատելու հաշվին ինչ-որ գումար տնտեսելու խնդիր չունի. «Մենք գնում ենք առաջ, սա քայլ առաջ է։ Ցանկացած բաժանորդ կարողանալու է իր էլեկտրաէնեգիայի ծախսը կես ժամվա կտրվածքով տեսնել իր հեռախոսի վրա, վերահսկի, նայի, թե ինչ ժամանակում ինչքան էլեկտրաէնեգիա է սպառում, հասկանա՝ ինչ է ծախսում, ինչ վճարում։ Մարդկային գործոնի հասկացությունը կվերանա ու այն անվստահությունը, որը մինչ այսօր կա տեսուչների աշխատանքի նկատմամբ, չնայած ինչքան էլ ասում ենք, անում ենք, կվերանա, քաղաքացիները երբեք չեն մտածի, որ իրենց խաբում են, կտեսնեն, թե ինչ են ծախսում»։

Ն. Սարանջյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում ուզում են Երևանի մեծ մասում տեղադրել նոր հաշվիչները։ Նա ասաց, որ էլեկտրոնային հաշվիչներ Հայաստանի ոչ բոլոր բնակավայրերում են տեղադրելու։ Օրինակ, փոքր գյուղական վայրերում, որտեղ էլեկտրաէնեգիայի սպառումը ցածր է, նրա խոսքով, իմաստ չունի այդքան ներդրում անել։

Նշենք, որ նոր հաշվիչները, որ բացառում են մարդկային գործոնը՝ հոսանքի համար յուրաքանչյուր ամիս չվճարելու դեպքում ավտոմատ անջատում են բաժանորդի հոսանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում