ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Times.am: Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։

Դավիթ Տոնոյանին զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին։ Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահության ընթացքում գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Աշխատանքային այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչների հետ, քննարկել համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր: Վահան գյուղում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքը պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի բարձրաստիճան սպաների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են անվտանգային և թիկունքային ապահովման մի շարք հարցեր, որոնց առնչությամբ Դավիթ Տոնոյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել ցուցումներ և հանձնարարականեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում