Վրաստանի նախագահն անակնկալ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելել է քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Այս մասին հայտնում են Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից։
Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունել է նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար: Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում նշել է, որ կարևոր էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկին՝ Ծաղկազարդին, այցելությունը հայկական եկեղեցի:
Jnews-ը գրում է, որ Վրաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնելուց հետո սա Զուրաբիշվիլու առաջին այցն է Ախալքալաք: Ապրիլի 13-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքում եղել է Խաչատրյանների ձկնաբուծարանում: Նա Խաչատրյանների ձկնաբուծարանում ծանոթացել է, թե ինչպես են Ախալքալաքում ձկնաբուծությամբ զբաղվում: Շրջայցի ավարտին նա նաև համտեսել է տեղական ձուկն ու ձկնկիթը:
Ապրիլի 14-ին նա Ախալքալքում մասնակցել է Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառումներին, մշակույթի տան պատին պատկերված գրաֆիտիի բացմանը։
«Լեզուն հարաբերություններում, մշակույթում, պետության ամրապնդման գլխավոր դուռն է: Լեզուն ամեն ինչի սկիզբն է», – Ախալքալաքի Մշակույթի տանն ունեցած ելութում ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում