Ազգային ժողովը քննարկում է կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի կառուցվածքում առաջարկվող փոփոխությունները թույլ կտան կառավարությանն իրականացնել սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունները և ԱԺ կողմից հաստատված կառավարության ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ լիագումար նիստում ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է ունենալ ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա լավագույն ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը, իրականացնելով կառավարության ծրագիրը և դրանից բխող քաղաքականությունը: Կառավարությունը համոզված է, որ կառավարության այս կառուցվածքով կկարողանան իրականացնել սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունները և ԱԺ կողմից հաստատված կառավարության ծրագիրը: Ընդ որում` նախագծերի փաթեթի համար հիմք են հանդիսացել կառավարության կառուցվածքի վերաբերյալ տեղի ունեցած մի շարք տարբեր ձևաչափերով քննարկումներ, վերլուծություններ, միջազգային փորձի ուսումնասիրություն»,- ներկայացրեց Զեյնալյանը:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է կրճատել փոխվարչապետների թիվը` հանել առաջին փոխվարչապետի պաշտոնը: Դրա արդյունքում կլինի երկու փոխվարչապետ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը` սահմանելով 12 նախարարություն: Մասնավորապես առաջարկվում է միաձուլել մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարությունները` ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն: Զեյնալյանը վստահեցրեց, որ միաձուլելով նախարարությունների բոլոր լիազորությունները` դրանք պահպանվելու են, և վերակազմակերպված նախարարությունն իրականացնելու է իրեն վերապահված բոլոր գործառույթները հավասարաչափ: Միջազգային փորձի տեսանկյունից նման ձևաչափով նախարարություն գործում է Վրաստանում, Ճապոնիայում:

Առաջարկվում է միաձուլել գյուղատնտեսության նախարարությունն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն: Զեյնալյանը նկատեց, որ միաձուլվող նախարարությունների լիազորությունները շատ դեպքերում համադրելի են և փոխլրացնող: Առաջարկվում է միաձուլել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի, այդ թվում ճանապարհների ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները: Փաթեթով առաջարկվում է նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Նախատեսվում է նախարարության լիազորությունների ցանկում ավելացնել նաև թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ:

Առաջարկվում է նաև Սփյուռքի նախարարությունը միավորել վարչապետի աշխատակազմին` ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ: «Ընդ որում սա չի ենթադրում սփյուռքի հետ տարվող աշխատանքների կարգավիճակի իջեցում: Ընդհակառակը առաջարկվում է ստեղծել եռաստիճան օպտիմալ համակարգ, որի առաջին մակարդակում իր դերակատարությունը կունենան վարչապետը, երկրորդ մակարդակում վարչապետի կողմից նշանակվող սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, իսկ երրորդ մակարդակում կլինի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Հանձնակատարի պաշտոնը նախատեսվում է որպես հայեցողական պաշտոն` վարչապետի աշխատակազմում: Նրա հիմնական դերակատարությունը կլինի կազմակերպել վարչապետի` սփյուռքի հետ կապված քաղաքականության և աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքները»,-ներկայացրեց Զեյնալյանը:

Նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերելու են քաղաքական և հայեցողական պաշտոններին` նախարարներին, նրանց տեղակալներին, օգնականներին, մամուլի քարտուղարներին և այլն: Նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող, աջակցող ստորաբաժանումների գործառույթները: Եվ արդյունքում կրկնվող, աջակցող ստորաբաժանումների քանակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է մի քանի հարյուր աշխատող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում