Մնացականյանն ու Մամեդյարովը քննարկել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները

Մնացականյանն ու Մամեդյարովը քննարկել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարների հանդիպմանը քննարկվել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները:

«Ադրբեջանի արտգործնախարարն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ 2016-ի առաջարկներն են քննարկվել: Եվ ես այստեղ հավելելու բան չունեմ», – ասել է Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ առաջարկությունների մանրամասները գաղտնի են:

Այս տարվա մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, ասել էր.

«Անշուշտ, մենք ցանկանում ենք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և մեր առաջարկությունները միջնորդների միջոցով ներկայացրել էինք ադրբեջանական կողմին»։

Մինչդեռ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելուց։

Aysor.am-ը կառավարությունից խնդրել էր պարզաբանել՝ ի՞նչ առաջարկություններ են ներկայացվել Ադրբեջանին ու դրանց վերաբերյալ ի՞նչ արձագանք է ստացվել։

«Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խորհրդապահական է, հետևաբար ձեռնպահ ենք մնում մանրամասներ ներկայացելուց», – հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում