Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ և 40 դեմ ձայներով:

«Օպտիմալացման շնորհիվ մենք ուզում ենք ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի շատ արդյունքի, ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի մեծ արդյունքի»,- նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումներին:

«Մենք՝ իրավապաշտպաններս ու իրավաբաններս, գիտենք, որ կարծիքի ազատության իրավունքը ներառում է նաև կարծիքը ազատորեն փոխելու իրավունքը: Հանգամանքների փոփոխության պատճառով կարող է ձևավորվել նոր կարծիք: Սրանով մենք փաստում ենք մեր ժողովրդավարությունը և կոլեգիալ կառավարումով առաջնորդվելու պատրաստակամությունը»,- ասաց Զեյնալյանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին դեմ քվեարկեցին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում