Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները

Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում