Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է

Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին։ Լրագրողներին հայտնեց Մ. Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Նա ասաց, որ որևէ ակնկալիք Մարիե Մելքոնյան դատավորից չունի, երբևէ չի ունեցել։ Ա. Մկրտչյան նշեց, որ դատարանին է ներկայացվել դատաբժշկական եզրակացության օրինակը, որը ներկայումս ՀՔԾ-ում քննարկման առարկա է որպես փաստաթուղթ, որը ստորագրվել է դրա լիզորությունը չունեցող անձի կողմից։

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է, ունի կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ։ Փաստաբանի ներկայացմամբ, մինչև կալանքը Մ. Գրիգորյանի շաքարը 7 էր, չէր ստանում ինսուլիսն, կալանքից հետո այսօր շաքարը 24-25 է, ստանում է 110 միավոր ինսուլին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը։

Ներկայացված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ»։

Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների փափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները նախկինում մերժվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում