ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը

ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը նպաստող համաձայնագիրը վավերացնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը:

«Համաձայնագիրն ապահովում է պետական կարգավորման տարբեր ուղղություններով փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս հաշվի առնել ԵԱՏՄ ընդհանուր և յուրաքանչյուր անդամ պետության առանձին շահերը, ինչպես նաև՝ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային և վերազգային մակարդակներում: Համաձայնագիրը կրում է ոչ արտոնյալ բնույթ և մաքսատուրքերի նվազեցում չի ենթադրում: Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև, ինչպես նաև որոշ չափով կկապակցի ԵԱՏՄ անդամ պետությունների ու ՉԺՀ-ի նոր կոոպերացիոն նախագծերը և տեխնոլոգիաները»,- ասաց Բաբայանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանա քաղաքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում