Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացած դատական նիստում մերժվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

«Մերժել է օրինական հիմքով։ Երևի թե Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդման սկսվելու պահից առ այսօր սա Մարինե Մելքոնյանի կողմից միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է։ Գործն արդեն փոխանցված է այլ կազմով դատարան և տվյալ պարագայում կստացվեր, որ եթե դատարանը բավարար այս միջոնորդությունը, դուրս կգար իր լիազորությունների շրջանակից։ Այս դեպքում անգամ բավարարելը կլիներ օրենքի խախտում»,– նիստից հետո լրագրողներին ասաց Մ. Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը։ Այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ա. Մկրտչյանի խոսքով, Մնացական Մարտիրոսյանը լուրջ դատավոր է, մինչև հիմա այդ կարծիքին է եղել։ Նա ասաց, որ դատական համակարգում կան կայացած դատավորներ անկախ նրանից, թե նրանք ինչ որոշումներ են կայացնում։

Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում