«Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան

«Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում ահաբեկչական գործողություններից հետո կրոնական հավանական պատերազմի մասին խոսելը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վաղ է համարում: Նրա խոսքով` սա այն հարցն է, որին պետք է ավելի զգուշավոր մոտենալ:

«Մենք տեսնում ենք, որ զոհվածների թվում կան մահմեդական երկրների ներկայացուցիչներ: Չեմ կարծում, որ ներկա փուլում հնարավոր է կրոնական հավանական պատերազմի վերաբերյալ դիտարկումներ անել: Ի դեպ, այստեղ չի կարելի բացառել սադրիչների գործոնը: Կան տարբեր խմբավորումներ, որոնք ուզում են սրել իրադրությունը աշխարհում»,– «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հարցին, թե արդյոք ահաբեկչական ալիքը Մերձավոր Արևելքից տեղափոխվում է այլ տարածաշրջան, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ նման միտումներ նկատվում են: Նրա խոսքով, Սիրիայում ահաբեկչական գործունեությունը թուլացել է, սակայն «Իսլամական պետության» խնդիրը շարունակում է մնալ, որը, կարծես, երկրորդ պլան է մղվել:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում: Այնպես որ Մերձավոր Արևելքից չի տեղափոխվում ոչ մի տեղ: Ընդհակառակը, դիրքավորվելով, մտավախություններ կան որ ընդլայնվում են այլ տարածքներում: Այդ առումով ավելի շատ նշվում է Կենտրոնական Ասիան, որտեղ ծայրահեղական կազմակերպությունները կարող են սկսել ահաբեկչական գործողությունների նոր ալիք»,-հավելեց թուրքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում