Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ

Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ մտադիր չէ շնորհավորել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Վլադիմիր Զելենսկիին, գրում է meduza.io-ն:

Հարցին, թե ինչու է նման որոշում ընդունվել, Պեսկովն ասել է, որ «պետք է դատել կոնկրետ գործերով, կոնկրետ քայլերով», իսկ պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:

Պեսկովը հավելել է, որ Ուկրաինայում ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է առնվել դեռ այն ժամանակ, երբ «հնարավորություն չի տրվել քվեարկելու Ուկրաինայի 3 մլն քաղաքացու, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում»:

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,17% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 95,06%-ի մշակումից հետո: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,5% ձայն: Այդ մասին են վկայում երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:

Զելենսկիին արդեն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում