ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին

ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը նպաստող համաձայնագիրը վավերացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը:

Համաձայնագիրն ապահովում է պետական կարգավորման տարբեր ուղղություններով փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս հաշվի առնել ԵԱՏՄ ընդհանուր և յուրաքանչյուր անդամ պետության առանձին շահերը, ինչպես նաև՝ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային և վերազգային մակարդակներում: Համաձայնագիրը կրում է ոչ արտոնյալ բնույթ և մաքսատուրքերի նվազեցում չի ենթադրում: Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև, ինչպես նաև որոշ չափով կկապակցի ԵԱՏՄ անդամ պետությունների ու ՉԺՀ-ի նոր կոոպերացիոն նախագծերը և տեխնոլոգիաները:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին, Աստանա քաղաքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում