Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»

Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։

«ԱՄՆ-ն միակողմանի որոշում է կայացնում։ Վաշինգտոնը բոլոր երկրներին ասում է դրա գինը դուք բոլորդ վճարեք։ ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է, երբ առաջարկում է աշխարհին, թե Իրանի փոխարեն որ երկրից պետք է նավթ գնել։ Ինչ է, դուք այդ երկրի անունից առուծախ եք անում»։

Թուրք նախարարը նկատել է տվել, որ ԱՄՆ-ն Իսրայելի պահանջով դեռ էլի թշնամություն է անելու Իրանի հետ և այդպիսով ավելացնելու է իրեն մերձեցած երկրների նավթի վաճառքի ծավալները:

Ավելի վաղ Financial Times-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես իրանական նավթի ներկրման սահմանափակումներ կկիրառվեն:

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ներառվել էր ավելի քան 700 մարդ, կազմակերպություն ու ընկերություն, այդ թվում նաև հիմնական բանկերը, նավթ արտահանողներն ու առաքող ընկերությունները։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ փորձելու է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի: Սակայն ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ համաձայնել է ժամանակավորապես՝ 6 ամսով, 8 երկրների թույլ տալ շարունակել իրանական նավթի գնումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում