Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին

Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց օրակարգում ընդգրկված 16-րդ հարցը՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը, քննարկել ավելի շուտ:

«Առաջարկում եմ այս նախագիծը տեղափոխել 2-րդ հարցի տեղը: Հասկանում եմ, թե ինչու է այն վերջում դրվել, որ բոլորս հոգնած լինենք, ԶԼՄ-ներն էլ այստեղ չեն լինի, ուստի առաջարկում եմ հարցը տեղափոխել: Սա գլոբալ հարց է և պետք է լուրջ քննարկել»,- ասաց Միքայել Մանրիկյանը:

Հայկ Մարությանն էլ նշեց, որ ինքը երբեք չի հոգնում, եթե մարդիկ հոգնում են և սխալ որոշումներ են կայացնում, ապա նիստը պետք է դադարեցնել. «Ինձ համար բոլոր հարցերն էլ հավասարազոր կարևոր են: Եթե մենք գտնում ենք, որ հոգնած ենք լինելու և պետք է սխալ որոշում կայացնենք, եկեք ընդհանրապես նիստը տեղափոխենք ուրիշ օր»:

Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց:

Միքայել Մանրիկյանն օգտվելով խմբակցության ղեկավարի լիազորությունից՝ արտահերթ ելույթով հանդես եկավ: Նա նշեց՝ կանխատեսելի էր, որ առաջարկը չէր ընդունվելու:

«Պարոն քաղաքապետ, Ձեր անձի հանդեպ ունեմ խորին հարգանք, բայց Ձեր ղեկավարման առաջին օրը նշեցիք, որ բոլորս մի մարմին ենք և համատեղ ուժերով կյանքի ենք կոչելու երևանցիների բոլոր խնդիրները: Ցավոք, դրանք եղան լոկ խոսքեր: Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, շատ անհարգալից վերաբերմունք էր ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունների հանդեպ: Փաստացի, երբ Դուք նեղն եք ընկնում, դիմում եք երեք խմբակցություններին, կոչ եք անում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, լուծել որոշակի խնդիրներ: Խոսքը վերաբերում է Բուզանդի մասնաշենքին: Հիմա ինչն է Ձեզ ստիպել, որ «Կամազների» գնման նախագիծը կառավարություն ներկայացնելուց առաջ նախօրոք դրա մասին չեք տեղեկացրել ընդդիմադիր երկու խմբակցություններին: Չնայած, իմ գործընկերը նշեց, որ անգամ «Իմ քայլը» խմբակցությունից 4-5 հոգի է տեղյակ եղել դրանից: Քաղաքապետարանի գործադիր մարմինը պարտավոր է բոլոր քայլերի մասին տեղեկացնել ավագանու բոլոր անդամներին: Քաղաքապետարանի գերագույն մարմինը ավագանին է: Իսկ ո՞վ է ասել, որ 24 «Կամազ» պետք է լինի, այլ ոչ 15 կամ 30: Դուք ունե՞ք համապատասխան մոնիտորինգ: Համոզված եմ՝ չունեք: Դուք ունե՞ք ծրագիր, եթե ունեք, բերեք բոլորով քննարկենք»,- ասաց նա:

Միքայել Մանրիկյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ քաղաքապետն արհամարհել է երկու ընդդիմադիր խմբակցություններին: Նա նշեց, որ եթե քաղաքապետը համամիտ չէ իր տեսակետի հետ, ապա առաջարկում է նիստից հետո լրագրողների ներկայությամբ բանավիճել:

«Ինձ թվում է ժամանակաշրջանը մի փոքր շփոթել եք, հիմա ընտրություններ չեն, նախընտրական պայքար չի, ինչ բանավեճի մասին է խոսքը: Բոլորն ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Եթե Դուք նշեք մի կետ ավագանու կանոնակարգում, որ քաղաքապետարանը պարտավոր է բոլոր իր գործողությունների մասին տեղյակ պահել ավագանուն, ես Ձեզ հետ կհամաձայնեմ»,- արձագանքեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ տենդերը հայտարարվել է փետրվարին. «Ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա մրցույթի են հանվել, որ գնում կատարենք: Ինչի մասին է խոսքը, նոր եք իմացե՞լ: Կառավարության նիստում ընդամենը խնդրել ենք, որ այդ 24-ից մի քանիսը շուտ բերենք»:

Միքայել Մանիկյանն ասաց, որ եթե չունեն աղբահանության ծրագիր, ինչի հիման վրա են մեքենաները բերում: «Ես պահանջում եմ բացահայտել քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի նամակագրությունը, եթե չբացահայտվի, մեզ մոտ կլինեն կասկածներ սև գործունեությունների մասին»,- նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Հայկ Մարությանն էլ անդրադառնալով Բուզանդի թեմային՝ ընդգծեց, որ ինքն ընդհանրապես նեղը չի ընկել:

«Վստահեցնում եմ Ձեզ, որ ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու: Իսկ եթե ավագանին ուզում է իմ կողքին լինել, որ միասին լավ գործեր անենք, ես միշտ պատրաստ եմ, իսկ եթե չի ուզում, ես չեմ կարող ստիպել: Այո՛, մեր խմբակցության ավագանու անդամներն էլ տեղյակ չեն այն գործերից, որն անում է քաղաքապետարանը: Այսպիսի կետ չկա, որ մենք պարտավոր ենք ամեն մի քայլը տեղեկացնել: Դա աբսուրդ կլինի», – ասաց Հայկ Մարությանը:

Նա նաև նշեց, որ իրենք թափանցիկ են աշխատում. «Ամեն ինչ արվում է մաքսիմալ թափանցիկ: Չգիտեմ, թե էլ ինչ պետք է անենք, մնում է քաղաքապետարանի պատերը ապակուց լինի, որ երևա ոնց ենք շարժվում: Միայն կարելի է զուգարանի պատերը ապակուց չանել, եթե դեմ չեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում