Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Times.am։ Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարությանն առ այն, թե ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում իբր ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Աննա Նաղդալյանի խոսքով՝ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին:

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։ Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը»,– ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում