ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք

ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծում ավելացնել նաև ներկրվող կլինկերի համար պետտուրք սահմանելու դրույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«ԲՀԿ-ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ակտիվորեն մասնակցելու է տնտեսական հանձնաժողովում քննարկումներին և առաջարկելու է, որ կլինկերի համար ևս տուրք սահմանվի: Առաջարկն արդեն իսկ խմբակցության կողմից ներկայացվել է»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել բիզնեսը, կոնկրետ այս դեպքում «ԱրարատՑեմենտ» գործարանը, և օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին չի վնասում: «Գագիկ Ծառուկյանի հետ կապված խնդիր չկա, այստեղ պոտենցիալ գործազրկության վտանգն է, հնարավոր են աշխատատեղերի կրճատում` հաշվի առնելով կլինկերի ներմուծման դեպքում հնարավոր հետևանքները»,- նշեց պատգամավորը:

Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց` իրենք համարում են, որ Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելը ճիշտ է: «Կարելի է քննարկել կլինկերի վրա հնարավոր պետտուրք դնելու չափը: Կլինկերը նույն ցեմենտն է` խտացված: Կրաքարից ցեմենտ արտադրելը նշանակում է60 տոկոս էներգակիրներ, 15 տոկոս հումք, 10 տոկոս աշխատավարձ: Իսկ կլինկերից ցեմենտ արտադրելու դեպքում տարբեր տեխնոլոգիական գործընթացներ են իրականացվելու: Եվ Գագիկ Ծառուկյանի համար ավելի ձեռնտու կլինի, որ կլինկերը ներմուծվի, սակայն խնդիրը տեղական արտադրանքի, աշխատատեղերի հարցն է»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում