Հնդկաստանում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների չորրորդ փուլը

Հնդկաստանում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների չորրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ինը նահանգներում ապրիլի 29-ին ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից չորրորդը: Ինչպես հայտնել երկրի ընտրական հանձնաժողովը, 957 թեկնածուներ կպայքարեն Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի 72 տեղի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ընտրողներն իրենց ձայնը կտան Բիհարի, Ջամուի եւ Քաշմիրի Ջարքհանդի, Արեւմտյան Բենգալիայի, Մադյա-Փրադեշի, Մահարաշտրայի, Օդիշայի, Ռաջասթանի, ինչպես նաեւ Ութար Փրադեշի նահանգներում:

Ընտրությունների երրորդ փուլում, որը կայացել է ապրիլի 23-ին, մասնակցությունը կազմել Է ավելի քան 63 տոկոս:

Ընդամենը Հնդկաստանում գրանցված Է մոտավորապես 900 մլն ընտրող: Համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրում սկսվել են ապրիլի 11-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, այս քվեարկությունը կարող է համաշխարհային պատմության մեջ ամենաընդգրկունը դառնալ ընտրողների թվով: Ընտրությունները նաեւ կարելի է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում եւ յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին եւ մայիսի 19-ին): Ձայների հաշվումը պետք Է ավարտվի մինչեւ մայիսի 23-ը:

Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած է Ռահուլ Գանդին, որը սերում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ: Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում