Ուշի ուշով հետևում ենք թուրք-ադրբեջանական զորավարժությունների մեկնարկին. Դավիթ Բաբայան

Ուշի ուշով հետևում ենք թուրք-ադրբեջանական զորավարժությունների մեկնարկին. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Մենք ուշի ուշով հետևում ենք մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով Թուրքիայի հետ համատեղ տակտիկական զորավարժություններին, կատարում ենք համապատասխան քայլեր՝ հատկապես զինված ուժերը պատրաստականության համապատասխան աստիճանի բերելու առումով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ քաղաքական առումով համատեղ զորավարժությունները շատ խորհրդանշական են:

«Նախևառաջ, զորավարժությունների խորագիրն է շատ հետաքրքրական, այսինքն՝ թուրքականության, պանթյուրքիզմի ագրեսիվ փիլիսոփայության համատեքստում է: Սա ևս մեկ անգամ մեզ համար պետք է դաս լինի, որպեսզի հանկարծ չմոռանանք իրականությունը: Մենք չպետք է կտրվենք իրականությունից, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հակահայկանան քաղաքականություն են վարում, համատեղ մեր դեմ պայքարում», – ասաց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը շեշտեց՝ թուրք-ադրբեջանական տանդեմը չեզոքացնելու համար հայկական կողմը պետք է միահամուռ լինի, ունենա հզոր բանակ և խելացի աշխարհաքաղաքականություն վարի:

«Խորացնելով մեր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, պահպանելով նրանց բոլորի հետ հավասարակշռված հարաբերությունները՝ կկարողանանք մեզ համար նպաստավոր վիճակում մնալ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողություններին, ճիշտ աշխարհաքաղաքական կուրս վարենք, և ամեն ինչ նորմալ կլինի», – ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրին համապատասխան՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը և փորձի փոխանակումը:

Զորավարժություններին կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն

Հետևեք մեզ նաև Telegram-ում