«Փաստ». Թանկագին հյուր, ճգնաժամային հարաբերություններ

«Փաստ». Թանկագին հյուր, ճգնաժամային հարաբերություններ

«Փաստ»-ը գրում է. «Երևանում երեկ տեղի են ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի փակ և նեղ կազմով նիստեր: Օրակարգում 13 հարց է եղել: ԵԱՏՄ վարչապետների հավաքները, որպես կանոն, հասարակության լայն շրջա­նակներին քիչ են հետաքրքրում: Նախ՝ ԵԱՏՄ-ում քաղաքական սկզբունքային որո­շումները կայացվում են պետությունների առաջին դեմքերի մակարդակով, ու վարչա­պետներն իրենց հանդիպումներով կամ նա­խապատրաստում են առաջնորդների գագաթաժողովները, կամ էլ կատարում են այն որոշումները, որոնք նրանց կողմից կայաց­վել են: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ն ինստիտուցիոնալ հարթության վրա կայացած չէ ու անդամ երկրների հա­մար հերթական հարթակ է՝ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կառուցելու կամ զարգացնելու համար:

Հայաստանն այս հարթության վրա բացա­ռություն չէ, ու պատահական չէ, որ նախօրե­ին Երևանում ամենասպասված հյուրը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր: Վերջինիս այցը Երևան ուշագրավ է մի քանի ասպեկտով:

Մեդվեդևը փաստորեն Ռուսաստանի առա­ջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը ժամանում է Երևան թավշյա հեղափոխու­թյունից հետո: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ անցած տարվա իրադար­ձություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների նախկին կառուցվածքը չի գործում, ու հիմա դրանք ինստիտուցիոնալ ճգնաժամ են ապրում: Մի կողմից՝ Մոսկվայում ավանդաբար մերժողական կանխատրամադրվածություն ունեն հեղափոխության այդ ցանկացած դրսևորման հանդեպ, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու հեղափոխականությունը պաշտոնական Երևանի հանդեպ վստահության ճգնաժամ են առաջացրել Մոսկվայում:

Թերևս սա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր հայ-ռուսական հարաբերությունների խութերը վերացնել Մեդվեդևի հետ ոչ ֆորմալ, ընտանեկան հանդիպման միջոցով: Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին հյուրընկալել է կառավարական առանձնատանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում