Առանց դաշինքի էլ Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է. Դավիթ Բաբայան

Առանց դաշինքի էլ Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ռազմական և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցությունն առանց այդ էլ ամենաբարձր մակարդակի վրա է։ Թեև դաշինքի կարևորությունն առկա է, և լավ կլիներ, որ հայկական երկու պետությունների դաշինքը հասաստող փաստաթուղթ լիներ, սակայն նույնիսկ առանց դրա՝ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետությա նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման նպատակով ՀՅԴ-ի նախաձեռնելիք ստորագրահավաքին։

«Տարբեր քաղաքական ուժերի համար կան հարցեր, որոնք առաջնային են։ Ուղղակի խնդիրը ո՞րն է. պետությունը հանդես է գալիս իրավական տեսանկյունից, հիմնական շեշտը դրվում է այս խնդրի վրա։ Առհասարակ, ցանկացած գործընթաց պետք է լինի օրենքի սահմանում։ Ցանկացած ստորագրահավաք ևս պետք է լինի բացառապես օրենքի սահմաններում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ նկատեց՝ չի կարելի պնդել, որ հայկական երկու պետությունների միջև դաշինքը միանշանակորեն նպաստելու կամ արագացնելու է Արցախի միջազգային ճանաչումը։

«Ինչքանով այդ փաստաթուղթը կնպաստի միջազգային ճանաչման գործընթացին՝ ցույց կտա ժամանակը։ Եթե այդ տեսանկյունից մոտենանք, հիմա էլ բազմաթիվ փաստաթղթեր կան, որտեղ Արցախը հանդես է գալիս որպես կողմ։ Այս փաստաթուղթը պարզապես ուղղություն է, որի շուրջ պետք է աշխատանքներ ընթանան»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ ըստ «Իրատես»-ի՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում